«Բանտն էլ հետաքրքիր փորձ էր, կատակ ենք անում, թե՝ ռեցիդիվիստ եմ»․ Քոչարյանը՝ Ախոյանին - RadioVan.fm

Онлайн

«Բանտն էլ հետաքրքիր փորձ էր, կատակ ենք անում, թե՝ ռեցիդիվիստ եմ»․ Քոչարյանը՝ Ախոյանին

2021-06-02 18:57 , Политика, 1261

«Բանտն էլ հետաքրքիր փորձ էր, կատակ ենք անում, թե՝ ռեցիդիվիստ եմ»․ Քոչարյանը՝ Ախոյանին

««Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ»,-այդ մասին հունիսի 1-ին Աշտարակում Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Դաշինքի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։

«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,-ասել է Սաղաթելյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, թե չի հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնի ու չհասնի դրան։

«Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել»,-ասել է նա։

«Շնորհակալ եմ Ձեզ, որպես տղամարդ որ եկաք, 2 տարի բանտում անցկացրիք ու կարողացանք էսօր մենք ապագայի հույս ունենալ»,- ներկաներից Ազգային ժողովի նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցությունից) Արագած Ախոյանի այս խոսքերին Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․

«Բանտն էլ հետաքրքիր փորձ էր, կյանքս էդքան լիարժեք չէր լինի, եթե դրանով էլ չանցնեի։ Ամենից լավ տեղը տեղի չի, բայց ամենից սարսափելին էլ չի, նորմալ է, ոչինչ։ Մեկ-մեկ կատակ ենք անում իմ շրջապատում, փաստորեն 3 անգամ բռնեցին, բաց թողեցին, հիմա կարամ ասեմ, որռեցիդիվիստ եմ»։

Քոչարյանի և Սաղաթելյանի Աշտարակում ունեցած հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть