ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը

2021-06-09 15:36 , Право, 148

ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է համարում՝ ընդգծելով, որ դրանով ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»։

Տարածած հայտարարությունում Արման Թաթոյանը, մասնավորապես, շեշտել է․

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:

Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

Ուստի, մարդու իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 8-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչության հետ հանդիպմանը, անդրադարձել էր քարոզարշավի առաջին օրը՝ հունիսի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում արած հայտարարությանն առ այն, թե «Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել էր Փաշինյանին սեփական որդուն՝ որպես գերի, տա 20-25 ռազմագերի հետ բերելու դիմաց:

Նիկոլ Փաշինյանը երեկ ասել, այսօր ևս վերահաստատել ու հայտարարել է՝ այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ բոլոր գերիների վերադարձի պայմանով։

Փաշինյանը, միաժամանակ, ընդգծել է, որ ուզում է հանկարծ չմտածեն, թե սա միակ գործիքն է կամ հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար։ Նրա խոսքով՝ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, սակայն բարձրաձայնել պետք չէ՝ վերադարձման գործընթացին չխանգարելու համար։

Лента

Рекомендуем посмотреть