«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»․ Սարգսյանը՝ «Հորասիս»-ում - RadioVan.fm

Онлайн

«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»․ Սարգսյանը՝ «Հորասիս»-ում

2021-06-10 17:06 , Политика, 806

«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»․ Սարգսյանը՝ «Հորասիս»-ում

«Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել: Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»,-այս մասին «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի առցանց գլոբալ հանդիպմանը, որը կայացել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրի ներքո, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին:

Նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազդանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

Պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում:

Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը:

Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին Հայաստան, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, սակայն կգնահատեն դա»:

Նշվում է, որ «Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների, տարբեր ոլորտներում որոշումներ կայացնող առաջնորդների հետ: Առցանց հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Лента

Рекомендуем посмотреть