Այսօրվանից՝ մինչև մարտի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Դե քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք:
Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»,-գրել է Գագիկ Սուրենյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ 1961 թվականից ի վեր մարտի 23-ը համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերեւութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքով:
Հայաստանում այդ օրը Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ շուրջ 12 տարին է, ինչ նշվում է որպես Օդերեւութաբանի օր: