Գավառում որպես կաշառք 7000 դրամի սնունդ բաժանելու դեպքով մեղադրվող թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի - RadioVan.fm

Онлайн

Գավառում որպես կաշառք 7000 դրամի սնունդ բաժանելու դեպքով մեղադրվող թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

2021-06-11 17:19 , Право, 850

Գավառում որպես կաշառք 7000 դրամի սնունդ բաժանելու դեպքով մեղադրվող թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։

Այդ մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավելի վաղ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը:

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գավառում ընտրողներին որպես կաշառք 7000 դրամի սնունդ բաժանելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ):

«Հաշվի առնելով, որ ձերբակալվածներից կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը նաև ընդգրկված էր տվյալ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով երեկ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն իր ընդունած որոշումներով տվել է համաձայնությունը:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և տրվել է անձին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ դատավարական գործողությունները կատարելու հանձնարարություն:

Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով:

Դատախազությունը հավաստիացնում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ հետևողական է լինելու նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, ինչպես նաև մեղավորներին համաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում զերծ մնալ ընտություններին առնչվող ապօրինի գործողություններ կատարելուց, հանցավոր հարաբերությունների մեջ մտնելուց, որևէ եղանակով քաղաքացիների ազատ ընտրության վրա ներազդելուն ուղղված քայլերից:

Ցանկացած նման արարք արժանանալու է հնարավոր ամենախիստ իրավական հակազդեցության»,-ասված է Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть