2904․ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում մարդկային կորուստների նոր ցուցակը - RadioVan.fm

Онлайн

2904․ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում մարդկային կորուստների նոր ցուցակը

2021-06-14 16:35 , Политика, 1009

2904․ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում մարդկային կորուստների նոր ցուցակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը:

Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվն, ըստ այդմ, հասել է 2904-ի:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով գերատեսչությանը, հայտնում են, որ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է։

Նշվում է, որ հրապարակվել է նաև անհետ կորած 10 զինծառայողների տվյալներ։

Միաժամանակ նշվում է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

Նշենք՝ պաշտոնական Բաքուն Արցախյան 44-օրյա պատերազմն անվանում է «Հայրենական պատերազմ», իսկ զոհվածներին՝ «մարտիրոսվածներ»։

Երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ երկրում ամեն տարի նոյեմբերի 10-ը կնշվի որպես Հաղթանակի օր:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ը այն օրն է, երբ ուժի մեջ մտավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Հավելենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմի մարդկային կորուստների թիվը 3029 է:

Лента

Рекомендуем посмотреть