Փաշինյանի կողմից «կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը» խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի կողմից «կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը» խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ

2021-06-15 15:00 , Политика, 1350

Փաշինյանի կողմից «կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը» խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը (ՄԻՊ) խիստ մտահոգիչ է համարում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, «կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը»:

Օմբուդսմենն ընդգծում է՝ իր աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ցուցադրումներն ու համեմատություններն առաջացնում են վտանգավոր քննարկումներ․ մուրճի ցուցադրումից հետո տարբեր, այդ թվում՝ ընդդիմության աջակից քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են մուրճի նկարներ՝ համեմատելով վարչապետի պաշտոնակատարի հրապարակած մուրճի հետ՝ անգամ նշելով, թե իրենց հրապարակածն է իսկական մուրճն իրական կիրառությունից հետո կամ ինչպես է իրական կիրառություն ստանալու այդ մուրճը:

«Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն»,-տարարծած հայտարարությունում ընդգծել է Արման Թաթոյանը՝ արձանագրելով՝ վարչապետի թեկնածու լինելուց բացի, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց, այդ պատճառով նապատասխանատվություն է կրում երկրում լարվածության ու բռնության բացառման, համերաշխության ապահովման համար:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Եղվարդում քաղաքացիներից մեկն իրեն պողպատե մուրճ է նվիրել:

Նա ցուցադրելով գործիքն՝ ասաց․

«Սա, կարծում եմ, որ պողպատե մանդատի շատ ճիշտ արտահայտումն է, որովհետև սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել, կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել: Այնպես, որ սա շատ կարևոր խորհրդանիշ է, բայց առաջին հերթին սա կառուցման խորհրդանիշ է, որովհետև մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի, Հայաստանը պետք է վերածնունդ ապրի, շատ դաժան, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց մենք ահա այս պողպատե մանդատով նախ և առաջ երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա: Այս պողպատե մանդատով մենք պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները, մենք պետք է ունենանք այնպիսի դատարաններ, որ այդ թեման ընդհանրապես մոռանանք»:

Մուրճն, այնուհետ, որպես «պողպատե մանդատ», Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է ընտրողների հետ հանդիպումներում։ Մասմավորապես, Նոր Հաճնում և Աբովյանում թափահարելով այն՝ հայտարարեց՝ ընտրություններից հետո դրանով «գնալու են պլստացողների հետևից», իսկ հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում հավաքով արձանագրելու են Հայաստանում ժողովրդական պողպատե իշխանության հաստատումը։

Лента

Рекомендуем посмотреть