ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող (խմբ. ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է) նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հանձնարարականի համաձայն՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրող տնօրենների ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրենները սեղմ ժամկետում պարզաբանումներ պետք է ներկայացնեն հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության օրեր առաջ հրապարակած ձայնագրությունների համաձայն՝ Երևանի և ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրենները պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին: 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, և միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել:
Միաժամանակ ԿԳ նախարարությունը նոր շրջաբերական է ուղարկել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ: Նշենք, որ դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: