«Ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար»․ «5165»-ը չի ընդունում ընտրության արդյունքները - RadioVan.fm

Онлайн

«Ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար»․ «5165»-ը չի ընդունում ընտրության արդյունքները

2021-06-21 16:31 , Политика, 956

«Ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար»․ «5165»-ը չի ընդունում ընտրության արդյունքները

Նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին 16 համարի ներքո մասնակցած «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը, տարածել է հայտարարություն, որում ասված է․

«Սիրելի' հայրենակիցներ,

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը:

Միևնույն ժամանակ պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար, և մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայի և Հայաստանի»:

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը ստացել է 15 546 քվե կամ ձայների 1.22 տոկոսը։ Բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով:

Лента

Рекомендуем посмотреть