Փաշինյանը խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է նաև Բաբայանին, Սահակյանին, Բաբաջանյանին, Մարուքյանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է նաև Բաբայանին, Սահակյանին, Բաբաջանյանին, Մարուքյանին

2021-06-22 23:20 , Политика, 881

Փաշինյանը խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է նաև Բաբայանին, Սահակյանին, Բաբաջանյանին, Մարուքյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին, հետաքրքրվել քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ նրա պատկերացումներով:

Կառավարության լարտվության վարչության փոխանցմամբ՝ Սուրեն Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ Փաշինյանը շատ կարևոր հարց էբարձրացնում:

«2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան»,-ընդգծել է նա:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար, ափսոսանք հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Փաշինյանը Մարուքյանից ևս հետաքրքրվել է քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ նրա տեսակետների մասին:

Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնելով Փաշինյանին հրավերի համար՝ ասել է.

«Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»:

Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ կայացել է նաև Փաշինյան-«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյան հանդիպումը:

Բաբաջանյանը շնորավորել է Նիկոլ Փաշինյանին «մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար»

«Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության»,-կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Արման Բաբաջանյանը:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

«Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում»,-հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը շնորհակալություն է հայտնել, շնորհավորել Փաշինյանի կուսակցությանը մեծ պատասխանատվության տակ մտնելու համար:

«Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը «մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը:

Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի: Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին»,-ասել է Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով մասնակից 25 քաղաքական ուժերից առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Այն ստացել է 687 251 քվե/53,92%:

Փաշինյանը, հայտարարելով, որ «նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»՝ նշել էր, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Փաշինյանն այսօր նաև հանդիպել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը ղեկավարած Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:

Лента

Рекомендуем посмотреть