«Ապրիլի 2-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միգուցե ոմանք փորձեն քվեարկել Հայաստանից բացակայողների կամ այլ անձանց փոխարեն»,-այդ մասին նշում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունից՝ իրազեկելով, թե ինչպես կարելի է դա կանխել:
«Նախկինում տարածված այս հանցագործությունն այժմ շատ հեշտ է լինելու բացահայտել, քանի որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։ Այդ ցուցակներում երևալու է, թե ով է քվեարկել, իսկ ով՝ ոչ: Եվ եթե Հայաստանում չգտնվող քաղաքացու անվան դիմաց լինի ստորագրություն, ապա շատ հեշտ կլինի պարզել, թե ով է այդ քաղաքացու փոխարեն քվեարկել՝ հանցագործին կանչելով քրեական պատասխանատվության:
Սակայն, դիտորդները չգիտեն, թե ով է երկրում, իսկ ով ոչ: Հետևապես, կրկնաքվեարկության կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը: Պետք է, որ բոլորը ընտրություններից հետո ԿԸՀ-ի կայքում ստուգեն իրենց Հայաստանից բացակայող բարեկամների, հարևանների ու ծանոթների անվան դիմաց ստորագրության բացակայությունը»,-ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ։
ԿԸՀ-ի կայքում ցուցակները կհրապարակվեն ապրիլի 4-ի առավոտյան: Բացակայող քաղաքացու անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնությանը` 08000-12-11 հեռախոսահամարով:
Քաղաքացիները կարող են վարվել նաև այլ կերպ՝ երկրից բացակայողների տվյալները նախապես գրանցելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հատուկ կայքում: Ընտրություններից հետո մասնագետները կհամադրեն տվյալները և շատ արագ կպարզեն, թե արդյոք բացակայողների փոխարեն քվեարկված է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ»-ի կայքում կարելի է բացակայող անձանց տվյալները գրանցել նախապես: