Բայրամով․ Ադրբեջանի և Հայաստանի միջև «բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա» - RadioVan.fm

Онлайн

Բայրամով․ Ադրբեջանի և Հայաստանի միջև «բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա»

2021-06-30 21:20 , Политика, 885

Բայրամով․ Ադրբեջանի և Հայաստանի միջև «բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման «աննախադեպ հնարավորություն» գոյություն ունի։

«Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, բազմիցս հայտնել է վճռականությունը` կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 43-րդ նիստին:

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա»։

«Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա: Նման հարաբերությունների հաստատման աննախադեպ հնարավորություն գոյություն ունի երկու կողմերի ղեկավարների կողմից ստորագրված [Նոյեմբերյան] եռակողմ հայտարարության հետևողական իրականացման միջոցով», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով՝ «30 տարի օկուպացված տարածքների ազատագրումից հետո» Ադրբեջանը ներկայումս ենթակառուցվածքներ է կառուցում Հայաստանի հետ պետական սահմանի երկայնքով՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար։

«Մենք առաջարկում ենք երկկողմ քննարկումներ սկսել սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ։ Ադրբեջանը դրական արձագանք է սպասում Հայաստանից», - նշել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսած պետության դիվանագիտության ղեկավարը:

«Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ ատելությունը, որն ուղեկցվում է ռևանշիստական հռետորաբանությամբ, լուրջ անհանգստություն է առաջացնում: Հայաստանի իշխող և ընդդիմադիր քաղաքական գործիչներին միավորող հակաադրբեջանական ատելության խոսքը սպառնում է կարգավորման փխրուն գործընթացին: Վերջապես, Հայաստանը պետք է կատարի միջազգային մարդասիրական իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և տրամադրի ականապատված տարածքների քարտեզները` լրացուցիչ մարդկային զոհերից խուսափելու համար», - հայտարարել է Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթնաժողովի հռչակագրով:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 43-րդ նիստին Հայաստանը չի մասնակցել։ Մայիսի 31-ից Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Հայաստանը 2018-19 թվականներին եղել է կազմակերպության համակարգող երկիրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին խախտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներից «ուժի չկիրառումը»՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ ու իր վերահսկողության տակ վերցրեց նրա տարածքի մեծ մասը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար կնքվեց Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված Նոյեմբերյան եռակողմ հայտարարության (09․11․2020) հիման վրա։ Ադրբեջանական կողմը մինչև այժմ ամբողջությամբ չի կատարել եռակողմ հայտարության 8-րդ կետը՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

Այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ու չեն հեռանում։

Лента

Рекомендуем посмотреть