Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների նոր ահաբեկումների փասով Թաթոյանը կդիմի միջազգային մարմիններին - RadioVan.fm

Онлайн

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների նոր ահաբեկումների փասով Թաթոյանը կդիմի միջազգային մարմիններին

2021-07-02 16:15 , Право, 865

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների նոր ահաբեկումների փասով Թաթոյանը կդիմի միջազգային մարմիններին

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ. ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը:

«Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում է:

Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ:

Հորդորվում է չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի:

Հիշեցնենք՝ օրեր առաջ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածվել էր տեղեկություն, ըստ որի «ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները»։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հերքեց, այնուհետ հաստատեց, որ արցախցիները Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից վերջին օրերին հեռախոսազանգեր են ստանում։

Հունիսի 28-ին էլ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգեց, թե, եթե մինչ այդ զանգում էին Արցախի բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ ակտիվացրել են «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը բովանդակային ուսումնասիրությունն, ըստ օմբուդսմենի, հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա։

Лента

Рекомендуем посмотреть