«Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Բաքվում 14 գերիների գործով վճռի մասին - RadioVan.fm

Онлайн

«Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Բաքվում 14 գերիների գործով վճռի մասին

2021-07-03 16:00 , Право, 941

«Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Բաքվում 14 գերիների գործով վճռի մասին

«Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք, նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են»,-այդ մասին հայտարարությամբ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի՝ 14 հայ ռազմագերիների գործով հրապարակած վճռին։

Թաթոյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով:

«Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են):

Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:

Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրականիրավունքի համակարգը:

Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը՝ դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ, շարունակել է շիրակցի 14 գերիների նկատմամբ շինծու քրեական գործով դատական հերթական նիստը, որում հրապարակված վճռով հայ ռազմագերիներ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Лента

Рекомендуем посмотреть