Բռնազավթված տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, ժամանակավորապես օկուպացված տարածքներ են․ Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է դեսպանների մասնակցությամբ Ադրբեջանի նախաձեռնությունը - RadioVan.fm

Онлайн

Բռնազավթված տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, ժամանակավորապես օկուպացված տարածքներ են․ Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է դեսպանների մասնակցությամբ Ադրբեջանի նախաձեռնությունը

2021-07-13 16:22 , Политика, 996

Բռնազավթված տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ,  ժամանակավորապես օկուպացված տարածքներ են․ Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է դեսպանների մասնակցությամբ Ադրբեջանի նախաձեռնությունը

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի հուլիսի 10-ին կազմակերպված այցի կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ)՝ խստագույնս դատապարտելով ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը։

«Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։

Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործություններիարդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։

Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ,միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»,-ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ հայոց բերդաքաղաք Շուշի:

Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, թեև հրավիրված են եղել, սակայն մերժել են Ալիևի հրավերը:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեդ Հաջիևը տեղի ունեցածն անվանել էր «դեմարշ»՝ երեք գերտերություններին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման մեջ։

Իսկ թե ի՞նչ շարժառիթներով են Ադրբեջանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները մերժել Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը՝ ադրբեջանական լրատվամիջոցի հարցումներին ի պատասխան ասվել է, որ դեսպանությունները չեն մեկնաբանում դեսպանների ժամանակացույցին վերաբերվող մանրամասներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть