Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար:
«Հուլիսի 4-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության ու երեխաների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների մտերիմներին և հարազատներին: Մենք անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրության կայունացման համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում լարվածության սրացմանը:
Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: