«Ելք»-ի օգտին տրված յուրաքանչյուր քվե արձանագրվել է. դաշինքը հայտարարություն է տարածել - RadioVan.fm

Онлайн

«Ելք»-ի օգտին տրված յուրաքանչյուր քվե արձանագրվել է. դաշինքը հայտարարություն է տարածել

2017-04-04 20:20 , Политика, 948

«Ելք»-ի օգտին տրված յուրաքանչյուր քվե արձանագրվել է. դաշինքը հայտարարություն է տարածել

«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որով արձանագրում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։

«Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազաթիվ ահազանգեր: Իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն և ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ», — ասված է հայտարարությունում:

Դաշինքը նշում է, որ «ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»:

«Ելք» դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ։ Դաշինքն ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց և դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:

Դաշինքն իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և խոսելու է նրանց անունից: ««Ելք» դաշինքը գործելու է հանուն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության», — ասված է հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть