250 շինարար Ապարանում լեռնային համալիր կկառուցեն, կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով - RadioVan.fm

Онлайн

250 շինարար Ապարանում լեռնային համալիր կկառուցեն, կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով

2021-07-29 15:00 , Экономика, финансы, 429

250 շինարար Ապարանում լեռնային համալիր կկառուցեն, կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում:

Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը միտվածԾրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր, որի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով։

Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի (տարեկան՝ 2,160 հազ. մարդ/օր)։ Նմանատիպ հանգստյան վայրերում 1 հաճախորդի միջինում անցկացնելիք ժամանակը գնահատվում է 4 օր, հետևաբար համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500 հազ. հաճախորդի։ Կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինում կկազմի 100 հազար դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կլինի տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում։ Գնահատվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ընկերությունը ծրագրի իրականացման հետագա փուլերում նաև պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում։

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, երկրորդ տեղում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող այցելուները:

Лента

Рекомендуем посмотреть