Ամսական 50 հազարական դրամ 3-րդ և հաջորդ երեխայի համար, 85 հազար դրամ նվազագույն աշխատավարձ․ հաստատվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը - RadioVan.fm

Онлайн

Ամսական 50 հազարական դրամ 3-րդ և հաջորդ երեխայի համար, 85 հազար դրամ նվազագույն աշխատավարձ․ հաստատվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը

2021-08-18 17:25 , Политика, 1317

Ամսական 50 հազարական դրամ 3-րդ և հաջորդ երեխայի համար, 85 հազար դրամ նվազագույն աշխատավարձ․ հաստատվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը

ՀՀ գործադիր մարմինը, այսօր հրավիրված նիստում, քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝ Անվտանգություն և արտաքին քաղաքականություն, Տնտեսություն, Ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։

Սահմանադրության պահանջով՝ կառավարությունը՝ ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում, պետք է այն ներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը։ Ըստ Փաշինյանի՝ այն, նախնական, օգոստոսի 20-ին կուղարկվի Ազգային ժողով, ինչը նշանակում է, որ 7-օրյա ժամկետում պետք է քննարկված և ընդունված լինի ծրագիրը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց:

Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:

Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը»,-գործունեության հնգամյա ծրագրի նախաբանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանը։

Հնգամյա ծրագրի համաձայն՝ երկրում նվազագույնը աշխատավարձը, որը վերջին անգամ բարձրացվել էր նախորդ տարվա հունվարի 1-ից՝55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, սահմանվելու է 85 հազար դրամ։ Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը նախատեսում է նաև կառուցել և նորոգել 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։ Բոլոր ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխան՝ մինչև վեց տարեկանը, ամեն ամիս կստանա 50 հազար դրամ։

Կառավարության ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть