«Մենք առաջ ենք գնում խաղաղության օրակարգով՝ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Մենք առաջ ենք գնում խաղաղության օրակարգով՝ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով»․ Փաշինյան

2021-08-26 15:50 , Политика, 716

«Մենք առաջ ենք գնում խաղաղության օրակարգով՝ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով»․ Փաշինյան

«Մեզ պինդ նյարդեր են պետք: Մեզ շատ պինդ նյարդեր են պետք: Մենք չպետք է հույս ունենանք, որ մի օրում, մի ժամում, 6 ամսում, 7 ամսում մեզ հաջողվելու է ստեղծել լիարժեք կայուն միջավայր: Դրա համար էլ կառավարության ծրագրում գրված է, որ առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը կայունացնելն է: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է ահազանգ մարտահրավերների մասին: Եվ այստեղ ամեն ինչին՝ միջադեպերին, որևէ բանին, չհավասարակշռված որևէ ռեակցիա պարզապես անթույլատրելի է: Այո, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք պետք է հստակ գնանք մեր առաջադրած խաղաղության օրակարգով: Որովհետև նաև սադրանքներն արվում են Հայաստանի ներսում այդ օրակարգի նկատմամբ դիմադրություն ձևավորելու և Հայաստանին այլ սադրանքների մեջ ներքաշելու համար: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է թուլացնենք, բայց մենք մեր ռազմավարական գծից պետք է չշեղվենք: Այ՛ո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով, բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ մենք առաջ ենք գնում խաղաղության օրակարգով: Այո՛, մենք հստակ պետք է արձանագրենք, որ մենք մեր Զինված ուժերը բարեփոխում ենք ոչ թե տարածքներ նվաճելու, այլ, ինչպես խաղաղասեր ցանկացած պետություն, իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Մենք ագրեսիվ մտադրություններ չունենք մեր տարածաշրջանի որևէ պետության հանդեպ, և մենք սա հստակ պետք է արձանագրենք»,-այդ մասին խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, ի սկզբանե, նաև այսօր Ազգային ժողովի դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվել տպավորություն ստեղծել, թե սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է, մինչդեռ երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է և շահագրգռված է գնալ այդ գործընթացին, Ադրբեջանի արձագանքը չուշացավ։

«Չե՞ք նկատել, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ընդհակառակը՝ փորձ է արվում այդ օրակարգից դուրս բերել այդ հարցը: Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներն այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել, և 2018 թվականից է այդպես եղել», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ՝ երկիրն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, և այդ մարտահրավերները ներքին չեն, այլ արտաքին են, և իրենք պետք է զարգացնեն և կարողանան պաշտպանել այդ օրակարգը և այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը:

«Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք պարտավոր ենք իրագործել այս մանդատը»,-եզրափակել է Փաշինյանը:

Նրա ելույթի մանրամասները՝ տեսանյութում, սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ այսօր, մինչ վարչապետի եզրափակիչ ելույթը, ելույթներ էին ունեցել բոլոր խմբակցությունների ղեկավարները։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ չկա երաշխիք, որ այս ծրագիրը կատարվելու է, դառնալու է իրականություն: Նա ընդգծել էր, որ երբեք չէր մտածի, որ կրկին կասի՝ «Կանգ առեք», ասում է, որովհետև «տեսնում է, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպիմի նոր ու վտանգավոր ծուղակ»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծել էր, որ ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին, այն տպավորություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն։

Օհանյանը հայտնել էր, որ իր խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ, անդրադառնալով ծրագրի երկու կարևոր բաղադրիչներին՝ երկրի ներսում իրավունքի և օրենքի դիկտատուրայի հաստատմանը և Հայաստանի շուրջ խաղաղ զարգացման դարաշրջանի բացմանը՝ Կոնջորյանը նշել էր, որ իրենք շարունակելու են այս հանձնառությունը և պատվով իրացնելու են ՀՀ ժողովրդի կողմից իրենց տրված մանդատը:

Лента

Рекомендуем посмотреть