«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը․․․ նման միջադեպեր էլի կարող են լինել»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը․․․ նման միջադեպեր էլի կարող են լինել»․ Փաշինյան

2021-08-27 16:20 , Политика, 1299

«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը․․․ նման միջադեպեր էլի կարող են լինել»․ Փաշինյան

«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ իրադրությունն առաջացել է Ազգային ժողովում կառավարության ծրագրի հիմնական ասելիքի՝ այն է՝ տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը ներկայացնելուց հետո։

Փաշինյանի համոզմամբ՝ այդ ակցիան արվել է իրենց առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար:

«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք»,-ընդգծել է Փաշինյանը, ով տեղեկացնելով, որ այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու են աշխատել՝ միաժամանակ ընդգծել է, որ «Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»:

Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող, բայց նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ:

Նա հիշեցրել է, որ նաև Ազգային ժողովի ամբիոնից է հայտարարել, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ փոխանցի իրենց:

«Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-վստահեցրել է ՀՀ վարչապետը:

Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի մշակման, Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող ճանապարհի փակման և կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ նրա հրապարակած տեսանյութում։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ «չնայած ներքին ու արտաքին սադրանքներին՝ Հայաստանը չպետք է շեղվի իր ռազմավարական գծից՝ բոլոր միջոցները ձեռնարկելով պահպանելով երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առաջ գնալով խաղաղության օրակարգով»։

Лента

Рекомендуем посмотреть