Դավթաշենում հատված ծառերի վնասը՝ 2 մլն 860 հազար դրամ. կասկածյալը ձերբակալված է - RadioVan.fm

Онлайн

Դավթաշենում հատված ծառերի վնասը՝ 2 մլն 860 հազար դրամ. կասկածյալը ձերբակալված է

2017-04-11 22:50 , Общество, 1062

Դավթաշենում հատված ծառերի վնասը՝ 2 մլն 860 հազար դրամ. կասկածյալը ձերբակալված է

Դավթաշեն վարչական շրջանում արձանագրված ապօրինի ծառահատումների վերաբերյալ ահազանգը պարզելու նպատակով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: Շրջակա միջավայրին հասցված վնասը, բնապահպանության նախարարության գնահատմամբ, շուրջ 2 մլն 860 հազար դրամ է:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ [ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը] հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս-ն, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23բարդի տեսակի ծառեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 Բարդի և Թեղի տեսակի ծառեր: Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 դրամ»,-ասված է հաղորդագրությունում։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:

Նշենք, նաև, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենպրես» լրատվական ծառայության խնդրանքով անդրադարձել է վերը նշված շուրջ երեք տասնյակ հաստաբուն ծառերի հատման դեպքին. «Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով, և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-Սերժ Սարգսյանի խոսքը գործակալությանը փոխանցել է նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ երեկ փաստը որակեց վանդալիզմ՝ նշելով, որ վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքը թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:

Հիշեցնենք, կիրակի օրը ուշ երեկոյան Դավթաշեն վարչական շրջանում` ապօրինաբար հատվել են «Դելֆին» լողավազանի դիմաց գտնվող ծառերը: Ոստիկանությունը ապօրինի ծառահատման փաստով բերման է ենթարկել 51-ամյա Ա. Ս-ին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ բերման ենթարկվածը նույն ինքը` «Դելֆին» լողավազանի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն է:

Лента

Рекомендуем посмотреть