Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերը, այլև՝ ձմեռվա համար պաշարած խոտը․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերը, այլև՝ ձմեռվա համար պաշարած խոտը․ ՀՀ ՄԻՊ

2021-09-01 14:09 , Право, 1013

Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերը, այլև՝ ձմեռվա համար պաշարած խոտը․ ՀՀ ՄԻՊ

Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։

Այդ մասին բարձրաձայնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ նշելով, որ Կութ գյուղի բնակիչներից մեկը երեկ՝ ժամը 17-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավաքել է մոտավորապես 500 հակ խոտ, հրդեհը ժամը 17-ի սահմաններում իր խոտի հակերից հեռու է եղել ընդամենը 4-5 մետր:

Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ ահազանգերը նաև այն մասին են, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։

«Այսօր Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր ենք ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:

Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:

Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց համապատասխան տեխնիկա հնարավոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածված է տեխնիկայի համար դժվար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն ավելի են տարածվում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում հաջողվել է մարել միայն Սոթքի ուղղությամբ հրդեհը»,-տարածած հայտարարությունում նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Թաթոյանի գնահատմամբ, հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար:

Հիշեցնենք՝ Արման Թաթոյանն ահազանգել էր, որ օգոստոսի 29-ի առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից։ Ընդգծվել էր, որ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ, այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) պաշտոնական հայտարարությամբ հերքել էր գյուղերի բնակիչների փոխանցած, հիմնավոր ստուգված, օբյեկտիվ ապացույցներով հրապարակված անհերքելի փաստերը, ինչին ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել էլ իր հայտարարությունը՝ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:

Лента

Рекомендуем посмотреть