Վերջին հրաժեշտն են տվել կորոնավիրուսից մահացած Տ. Մաղաքիային, երիտասարդ միաբանի աճյունն ամփոփվել է Մայր Աթոռի գերեզմանատանը - RadioVan.fm

Онлайн

Վերջին հրաժեշտն են տվել կորոնավիրուսից մահացած Տ. Մաղաքիային, երիտասարդ միաբանի աճյունն ամփոփվել է Մայր Աթոռի գերեզմանատանը

2021-09-03 15:56 , Общество, 1894

Վերջին հրաժեշտն են տվել կորոնավիրուսից մահացած Տ. Մաղաքիային, երիտասարդ միաբանի աճյունն ամփոփվել է Մայր Աթոռի գերեզմանատանը

Այսօր՝ սեպտեմբերի3-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հուղարկավորության արարողությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս վշտալի առիթով, Սբ. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։

Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումն է բերել հանգուցյալ Հայր Մաղաքիային։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվել է ննջեցյալ Հայր Սուրբի թաղման կարգը: Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի աճյունն ամփոփվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը մահացել էր օգոստոսի 31-ին՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:

Սեպտեմբերի2-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվել էր հոգեհանգստյան արարողությունը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть