6 ամիս հայ ռազմագերին պահվել է առանձնացված խցում, սակայն «Կարմիր Խաչ»-ը չի կարողացել տեղեկացված լինել վերջինի գոյության մասին․ իրավապաշտպանները՝ վտանգների մասին - RadioVan.fm

Онлайн

6 ամիս հայ ռազմագերին պահվել է առանձնացված խցում, սակայն «Կարմիր Խաչ»-ը չի կարողացել տեղեկացված լինել վերջինի գոյության մասին․ իրավապաշտպանները՝ վտանգների մասին

2021-09-08 19:14 , Право, 1651

6 ամիս հայ ռազմագերին պահվել է առանձնացված խցում, սակայն «Կարմիր Խաչ»-ը չի կարողացել տեղեկացված լինել վերջինի գոյության մասին․ իրավապաշտպանները՝ վտանգների մասին

Երեկ Բաքվից Հայաստան վերադարձված 2 հայ զինծառայողների՝ Ադրբեջանում գտնվելու փաստի վերաբերյալ պաշտոնական որևէ հաստատում չի եղել, ինչն ապացուցում է մոլորեցնելու դիտավորությունը, բռնի անհետացումների փաստը։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը ճիշտ չի ներկայացրել և մշտապես թաքցրել է հայ գերիների իրական թիվը, իսկ «Կարմիր Խաչ»-ի այցի ժամանակ գերիներին խմբերով տեղափոխել և թաքցրել է այլ տեղերում:

Ասուլիսին ներկա իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ այս պահին 1 զինծառայողի գերեվարման վերաբերյալ փաստ ունեն, սակայն Ադրբեջանը մինչ օրս չի հաստատում այդ անձի՝ իր իրավազորության ներքո հայտնվելու մասին։

Իրավապաշտպանը հիշատակել է հայ ռազմագերիներին, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելու դեպքի մասին․

«6 ամիս ռազմագերին պահվել է առանձնացված խցում, սակայն «Կարմիր Խաչ»-ն իր այցելությունների ընթացքում չի կարողացել տեղեկացված լինել վերջինի գոյության և Ադրբեջանում պահվելու հանգամանքների մասին․ տեղափոխումների արդյունքում անձին կարողացել են թաքցնել բացահայտումից, ինչը չի բացառում, որ բռնի անհետացումների արդյունքում ունենալու ենք նաև սպանության դեպքեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների հստակ թիվ չտրամադրելով՝ Ադրբեջանը նպատակ ունի նրանց դուրս պահել իրավական պաշտպանությունից։ Նա նշել է, որ ռազմագերիների թվերի թաքցնելու վերաբերյալ շատ ապացույցներ, տեսանյութեր կան, դատական գործընթացներում Ադրբեջանը մի շարք ապացույցների արժանահավատությունը անգամ չի էլ փորձել վիճարկել, այսինքն, ընդունել է, որ դրանք իրականությանը համապատասխանում են, կապված են կոնֆլիկտի հետ, սակայն մինչ օրս չի կարող պատասխանել, թե տեսանյութում հայտնված անձանց հետ ի՞նչ է պատահել, նրանք դեռևս ողջ պահվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո՞, թե՞ տեղի են ունեցել արտակարգ զարգացումներ, որի մանրամասները ներկայացնելու պարտականությունը ևս ադրբեջանական կողմինն է:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այս պահին մեր բոլոր միջազգային գործընկերներն ունեն համոզմունք և ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների թիվը նվազեցված է և չի արտացոլում իրական պատկերը:

«Այստեղ վիճելիություն չունենք, մնում է հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմներով, մեթոդներով պետք է արձագանքել այս երևույթներին, որոնք պատերազմական հանցագործություն են»,- նկատել է Սիրանուշ Սահակյանը:

Հավելենք՝ այսօր հրավիրված մամլո ասուլիսի տեղեկատվական առիթը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված քաղաքացիական անձանց, զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած համակարգային, անմարդկային խոշտանգումների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով հրապարակված արտահերթ զեկույցն է եղել։

Պաշտպանը նաև ներկայացրել է 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ծառայողների կատարած առանձնակի դաժանության փաստերը՝ ընդգծելով, որ նրանց ներկայությունը Սյունիքի համայնքային ճանապարհներին վտանգում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть