Ուշադրություն, սպառողներ. սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող մսի վաճառակետերը հատուկ պիտակներ կունենան - RadioVan.fm

Онлайн

Ուշադրություն, սպառողներ. սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող մսի վաճառակետերը հատուկ պիտակներ կունենան

2017-04-14 14:30 , Общество, 1110

Ուշադրություն, սպառողներ. սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող մսի վաճառակետերը հատուկ պիտակներ կունենան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ: Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն տեղեկատվական այս պիտակները.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից նշում են, որ այս քայլը հանրության իրազեկման նոր մշակույթ կձևավորի Հայաստանում:

Պիտակները կիրազեկեն հանրությանն այն մասին, որ Երևան քաղաքում գործող խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:

Տեղեկատվական այդ պիտակների առակայությունը նաև փաստում է, որ տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության և՝ որ դրա անվտանգությունը երաշխավորված է:
Պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 14-ին, առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից տեղեկատվական պիտակներ են փակցվել Երևանում գործող անհատ ձեռնարկատերեր Սոս Իսրայելյանի Խորենացի 60 և Ազիզ Շաբաբյանի Խորենացի 64 հասցեներում գտնվող խանութների դիմապակիներին.

Լուսանկարները՝ ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքից

Лента

Рекомендуем посмотреть