«Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին»․ Գրիգորյանը՝ Պատրուշևին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին»․ Գրիգորյանը՝ Պատրուշևին

2021-09-15 18:04 , Политика, 1254

«Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին»․ Գրիգորյանը՝ Պատրուշևին

Դուշանբեում կայացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ՌԴ ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ՌԴ ԱԽ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քննարկվել են երկու երկրների քաղաքացիների անվտանգության ապահովմանն առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի իշխանական մարմինների առաջ կանգնած խնդիրները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ընդունված որոշումները կատարելու համատեքստում։

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակն իր հերթին փոխանցում է, որ անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես Գրիգորյանը ներկայացրել է դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկաացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը»,-շեշտել է ԱԽ քարտուղար Գրիգորյանը։

Ըստ հայկական կողմի՝ Նիկոլայ Պատրուշևը ևս կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին էլ անդրադառնալով՝ կարևորել է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա նրանք շուտափույթ վերադարձը:

Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Այսօր հաղորդվել է, որ Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, անդրադարձել ինչպես Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:

Лента

Рекомендуем посмотреть