28,5 կգ արցախյան բրնձի հետքերով. խմբաքանակի իրացումը ժամանակավորապես կասեցվել է - RadioVan.fm

Онлайн

28,5 կգ արցախյան բրնձի հետքերով. խմբաքանակի իրացումը ժամանակավորապես կասեցվել է

2017-04-19 07:15 , Общество, 892

28,5 կգ արցախյան բրնձի հետքերով. խմբաքանակի իրացումը ժամանակավորապես կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:

Նշենք, որ ֆեյբուքյան օգտատերերից մեկը՝ Արթուր Եղիազարյանը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ), սոց. ցանցի իր էջում անդրադարձել է այն փաստին, որ սփյուռքահայ մի կին՝ տիկին Քարոլին, Արցախում բրինձ է աճեցրել՝ փորձելով այն վաճառել երեւանյան սուպերմարկետներում, ինչի հետևանքով, մասնավորապես, «Քարֆուրում» խնդիրներ են ծագել:

Արթուր Եղիազարյանը տիկնոջ հետ ունեցած հեռախոսազրույցից հետո գրել էր. «Իր ասելով, սննդի անվտանգության տեսչությունից են եկել բրնձի հարցով: Պարզեցի, որ իրոք, սննդի անվտանգության տեսչությունից հիմա մտել են «Քարֆուր»: Իսկ «Քարֆուրն» ընդամենը աջակցել էր մեր հայրենակցուհուն` մի քանի կիլոգրամ ապրանքը ցուցադրելով վաճառքի… Ասաց, որ ժամանակին դիմել էր սերտիֆիկացման համար, բայց ասել էին, որ պետք չի, քանի որ շատ քիչ է արտադրել ու ներքին սպառման համար է: Իսկ հիմա սերտիֆիկատ են պահանջում: Ի դեպ, աճեցվել էր ընդամենը 28,5 կգ բրինձ: Եվ խորհրդանշական` փաթեթավորել են վաճառքի համար` որպես ոգևորող գործ: Ասաց, որ իր ձեռքերը տեսնենք` կպատկերացնենք, թե ինչ աշխատատար ու դժվար գործ է բրինձ աճեցնելը: Նեղված էր, ասում է ուզում եմ լավ բան անել, բայց ընկնում եմ բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Վրդովված էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտարարությունից, որոնք տեղյակ չլինելով իր մի փոքրիկ հողակտորի վրա աճեցրածից` սխալ հայտարարություն էին արել: Ասում է, որ այս քաշքշուկներից ելնելով` սկսում է հիասթափվել այստեղ գործ անելուց: Փոքրիկ հողակտոր է, կարծում եմ կարող էին Արցախի գյուղնախարարությունում չիմանալ այդ մասին: Կարծում եմ, որ իրական ու նորարար ձեռներեցությամբ զբաղվող մեր հայրենակցուհուն չպետք է հիասթափեցնենք իր բարի գործունեությունից, իսկ Քարֆուրին` մեր հայրենակիցներին աջակցելուց … Հուսով եմ, որ պատկան մարմինները չեն հիասթափեցնի, այլ հակառակը` կխթանեն հայրենական ապրանքի արտադրողին ու վաճառողին»:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, ահա, գնալով արցախյան բրնձի հետքերով՝ տեղեկացնում է.

«Պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ: Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով»:

Ծառայությունից նշում են նաև, որ նշված ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում:

Лента

Рекомендуем посмотреть