ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ոչ աշխատանքային մայիսի 9-ին (Հայաստանում մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի եւ խաղաղության օրը) նախորդող մայիսի 8-ը ևս կլինի ոչ աշխատանքային: Փոխարենն աշխատանքային կլինի մայիսի 20-ը, որը շաբաթ օր է։
«Սկզբնական նախագծից շեղում ենք կատարում. նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն, հաշվի առնելով այն, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ դպրոցներում տեղամասեր պետք է կահավորվեն՝ ուսումնական գործընթացը չխաթարելու համար որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը»,-նախագիծը ներկայացնելիս նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ կառավարության նախորդ որոշումներից մեկի համաձայն էլ՝ մայիսի 6-ը՝ շաբաթ օրը, հայտարարվել է աշխատանքային օր: