ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը: Իրավապահ մարմինները զգուշացնում են, որ «սկզբունքային, հետևողական ու խստապահանջ են լինելու այս խնդրի իրականացման գործում»:
Միևնույն ժամանակ համաքաղաքացիներին կոչ է արվում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:
«Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:
Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:
Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: