3788 զոհ, 246 անհայտ կորած,108 գերու վերադարձ․ Քննչականը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ անձանց մասին թվերով - RadioVan.fm

Онлайн

3788 զոհ, 246 անհայտ կորած,108 գերու վերադարձ․ Քննչականը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ անձանց մասին թվերով

2021-10-04 17:26 , Право, 1444

3788 զոհ, 246 անհայտ կորած,108 գերու վերադարձ․ Քննչականը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ անձանց մասին թվերով

ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) հրապարակել է տեղեկատվություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Հիշեցնենք՝ ՔԿ-ն 44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, հրապարակել էր տվյալ օրվա դրությամբ զոհերի, անհատ կորածների և գերությունից վերադարձվածների թվերը։

Տեղեկացվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 253 մարդու գտնվելու վայրը, որից 231-ը զինծառայող, 22-ը քաղաքացիական անձ։ Այդ օրվա դրությամբ ևս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնված գերեվարվածների թիվը 108 էր։

Лента

Рекомендуем посмотреть