«Եկել էինք ասելու, որ թուրքին հանձնված Շուշիում այս 30 տարիներին բազմաթիվ բաներ են կառուցվել, ո՛չ հայհոյելու էինք, ո՛չ փողոց էինք փակելու»․ Կառավարության դիմաց բարձրախոսով խոսելու համար դաշնակցական երիտասարդը բերման ենթարկվեց - RadioVan.fm

Онлайн

«Եկել էինք ասելու, որ թուրքին հանձնված Շուշիում այս 30 տարիներին բազմաթիվ բաներ են կառուցվել, ո՛չ հայհոյելու էինք, ո՛չ փողոց էինք փակելու»․ Կառավարության դիմաց բարձրախոսով խոսելու համար դաշնակցական երիտասարդը բերման ենթարկվեց  

2021-10-07 18:39 , Общество, 1064

«Եկել էինք ասելու, որ թուրքին հանձնված Շուշիում այս 30 տարիներին բազմաթիվ բաներ են կառուցվել, ո՛չ հայհոյելու էինք, ո՛չ փողոց էինք փակելու»․ Կառավարության դիմաց բարձրախոսով խոսելու համար դաշնակցական երիտասարդը բերման ենթարկվեց

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր ժամը 15։00-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև նախատեսել էր ակցիա՝ իրենց ձևակերմամբ՝ «հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը», սակայն այն դեռ չսկսված՝ ավարտվեց։

Մինչ այդ՝ ոստիկանությունը կապ էր հաստատել կազմակերպիչների հետ՝ պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։

Ակցիայի մեկնարկին, որի մասնակիցները պարզել էին «Ուշքի՛ արի, Շուշին դժգույն և դժբախտ չէր», «30 տարին ավերվեց գրչովդ» և այլ գրությամբ պաստառներ, երիտասարդներից մեկը սկսեց խոսել բարձրախոսով՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Լիտվայի հայ համայնքի հետ օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ արված դիտարկմանը, թե Շուշիում 30 տարվա ընթացքում ներդրումներ չեն արվել, բնակելի շենք չի կառուցվել:

Երիտասարդը հակադարձեց, թե պետությունը աջակցել է քաղաքացիներին իրենց տները վերակառուցելու հարցում, 4 հանրակացարանով գործել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Շուշիում կառուցվել են թանգարաններ, հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր։

Երիտասարդը դեռ նոր էր սկսել իր ելույթը՝ երբ ոստիկանները մոտեցան ու քաշքշելով բերման ենթարկեցին նրան։

«Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ռուպռով խոսելու համար ձերբակալեցին և բերման ենթարկեցին մեր ընկերոջը՝ Տարոն Ղազարյանին»,-լրագրողների հետ զրույցում արձանագրեցՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը՝ ասելով, որ իրենց, որպես բարձրախոսով խոսելն արգելելու հիմնավորում, ասվել է, որ դա աշխատանքային ժամին խաթարում է կառավարության աշխատանքը։

«Մենք ոստիկաններին ասացինք, որ իրենց միջոցով այս հողատու, կապիտուլյանտ իշխանությունը ճնշումներ է գործադրում մարդկանց վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։Այսօր եկել էինք այստեղ Հայաստանի թիվ մեկ հողատուին ասելու, որ թուրքին հանձնված Շուշիում այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ բաներ են կառուցվել։ Եկել էինք ընդամենը դա ասել։ Չէինք եկել «սյունյաց ողջույն» հանձնեինք Նիկոլ Փաշինյանին, ո՛չ իրեր էինք նետելու, ո՛չ հայհոյելու էինք օրվա իշխանություններին, ո՛չ փողոց էինք փակելու»,-ասաց Գոռ Սարգսյանը, որը չհասցրեց ավարտել ճեպազրույցը, նրան ևս բերման ենթարկեցին:

Ակցիայի վայրից հեռացվեց ևս մեկ անձ, ով բարձրաձայն ասում էր, թե ինչու բերման ենթարկեցին հարցազրույց տվողին։

Կառավարության շենքի առջև էր նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով նշեց, որ այդտեղ է միայն նրա համար, որովհետև տեղյակ էր, որ ոստիկանությունը զգուշացրել է բարձրախոս օգտագործելու համար ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկելու մասին:

«Նման օրենք, նման որևէ կարգավորում չկա ՀՀ որևէ օրենսգրքով։ Եկել էի՝ հույս ունենալով, որ այստեղ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողություններ իրականացնելուց: Արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել. մեկին՝ ռուպռով խոսելու համար, մյուսին՝ լրագրողներին հարցազրույց տալու համար: Հիմա իմ ձեռքին ռուպռ չկա, բայց եթե Հայաստանում մարդկանց բերման են ենթարկում ռուպռով խոսելու համար, ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա ռուպռով եմ խոսում: Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու և դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը՝ հողատու է և դավաճան է: Եթե մարդկանց բերման եք ենթարկում հարցազրույց տալու համար, ես հիմա հարցազրույց եմ տալիս: Ո՞նց եք որոշում՝ ում եք բերման ենթարկում: Ես հենց հիմա կրկնեցի այն, ինչ ասել են իմ ընկերները, ինչո՞ւ ինձ բերման չեք ենթարկում: Դուք ո՞նց եք որոշում, ձեզ զանգում են, ասում են՝ տարեք էս մարդուն, էս մեկին թողեք: Ինչի՞ց էինք մենք ուզում ազատվել, երբ համատարած փողոցներ էինք փակում: Եվ կարողացա՞նք ազատվել, թե՞ ավելի վատ վիճակում հայտնվեցինք: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ մարդուն ռուպռով խոսելու համար նախկինում բերման ենթարկեն։ Սա է փաշինյանական Հայաստանը»,-ասաց պատգամավորը՝ նկատելով, որ ակցիային ընդամենը 10-15 երիտասարդներ էին մասնակցում։

Նա, նշելով, որ ոստիկանությունը բարձրախոս չօգտագործելու արգելքը բացատրել է, որ խանգարում են կառավարության աշխատանքը, ասաց․

«Եթե այս կառավարության աշխատանքը պետք է ռուպռով խանգարենք, երևի պետք է բոլոր հայրենակիցներով ամեն մեկս մի ռուպռով գանք, աղմուկ անենք, որովհետև այս կառավարության աշխատանքը Հայաստանի շահին հակասում է, ամեն ինչ անենք, որ այս կառավարությունը չաշխատի»։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրություն, դրա սերմերը կան, և իրենց գործն է փայփայել այդ սերմերը, մեծացնել, իսկապես ցույց տալ, որ այս քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու։

Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց, որ այժմ ավարտում են իրենց խաղաղ ակցիան, բայց պայքարը շարունակելու են։

«Մեր կարգախոսն էր՝ Շուշին եղել է հայկական ու կլինի հայկական, 30 տարում Շուշիում իրականացվել է կառուցապատում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть