Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ կիսելով կորստյան ծանր վիշտը և զորակցելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ ըստ ԱՀ ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: