Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, լուծման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն. Փաշինյանը՝ Պուտինին - RadioVan.fm

Онлайн

Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, լուծման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն. Փաշինյանը՝ Պուտինին

2021-10-12 20:23 , Политика, 1033

Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, լուծման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն. Փաշինյանը՝ Պուտինին

«Այժմ մեր տարածարջանում, նաև աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն, ինչպես Դուք ասացիք, «ճշգրտեն ժամերը»: Ցավոք մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային, և ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»,-այդ մասին Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանձնազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշելով, որ այս տարի սա արդեն չորրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ, շնորհակալություն է հայտնել Պուտինին Մոսկվա այցելելու հրավերի համար ու ընդգծել, որ նման հաճախակի հանդիպումները վկայում են հարաբերությունների բարձր դինամիկայի, փոխըմբռնման, մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին:

Վլադիմիր Պուտինն էլ, ողջունելով ՀՀ վարչապետին, շնորհակալություն է հայտնել նրան հրավերն ընդունելու համար, շեշտել, որ հեռախոսով մշտական կապի մեջ են միմյանց հետ, այնուհետ հավելել, որ հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

«Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք և ֆորմալ, և ոչ ֆորմալ մթնոլորտում: Կճաշենք միասին և կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին:

Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»,-ընդգծել է Կրեմլի ղեկավարը:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ:

Лента

Рекомендуем посмотреть