Հանրապետությունում ոչ աշխատանքային օր է - RadioVan.fm

Онлайн

Հանրապետությունում ոչ աշխատանքային օր է

2017-05-01 23:55 , Общество, 892

Հանրապետությունում ոչ աշխատանքային օր է

Հայաստանի Հանրապետությունում այսօր ոչ աշխատանքային օր է. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 1-ը նշված է որպես «Աշխատանքի օր»:

Ի հիշատակ 1886թ. Չիկագոյում ծավալված դեպքերի, երբ ամերիկացի աշխատավորները ցույցի էին դուրս եկել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով, ինչն ավարտվել էր ոստիկանության հետ արյունալի բախումներով, Փարիզի կոնգրեսը 1889 թվականին մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին որոշում է ընդունում: Սակայն մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890թ: Այն այժմ տոնվում է աշխարհի ավելի քան 142 երկրում:

«Աշխատանքի օրվա» առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ Երևանում ավանդաբար անցկացվում է մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք:

Աշխատանքի օրվա կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը՝ օրը բնութագրելով որպես մարդկային արժանապատվության տոն:

«Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ և նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի և խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու և տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը: Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»,-ասված է հայ ժողովրդին ուղղված երկրի ղեկավարի ուղերձում:

Лента

Рекомендуем посмотреть