5-10 հազարական դրամի դիմաց՝ COVID-19-ի 700 կեղծ սերտիֆիկատ․ ԱԱԾ-ն՝ դեպքերի բացահայտմամբ - RadioVan.fm

Онлайн

5-10 հազարական դրամի դիմաց՝ COVID-19-ի 700 կեղծ սերտիֆիկատ․ ԱԱԾ-ն՝ դեպքերի բացահայտմամբ

2021-10-14 15:11 , Право, 1104

5-10 հազարական դրամի դիմաց՝  COVID-19-ի 700 կեղծ սերտիֆիկատ․ ԱԱԾ-ն՝ դեպքերի բացահայտմամբ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդմամբ՝ կորոնավիրուսի (COVID-19) դեմ պատվաստման գործընթացում բացահայտվել են կաշառքի, կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր:

Նշվում է, որ «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, կազմել են կորոնավիրուսային ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

«Քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլև ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ և առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետևանքներ»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը՝ համապատասխան խիստ միջոցներ ձեռնարկել կեղծ պատվաստումների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց պատվաստման գործընթացում Երևանի տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների բացահայտման մասին․ բուժաշխատողները ՀՀ-ից բացակայող մի շարք անձանց պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ են տվել։

Лента

Рекомендуем посмотреть