Հաագայի դատարանում ներկայացվել են ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. մեկնարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերի հարցերով լսումները - RadioVan.fm

Онлайн

Հաագայի դատարանում ներկայացվել են ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. մեկնարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերի հարցերով լսումները

2021-10-14 16:56 , Право, 1125

Հաագայի դատարանում ներկայացվել են ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. մեկնարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերի հարցերով լսումները

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցերի քննությունը։

Հայաստանը ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

Ըստ այդմ՝ նշվել է, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց:

Շեշտվել է ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:

«Փաստը, որ Ադրբեջանը կալանավորել է այդ 45 անձանց, անվիճելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է զեկուցողն ու հավելել, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ:

Նա դատարանին հիշեցրել է, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել:

Շեշտվել է՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության:

Զեկուցողը նշել է՝ ապացույցներ կան, որոն վկայում են, որ, ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: Այսպիսով, դատարանին ներկայացվել են բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր, ընդգծվել, որ, ցավոք սրտի, նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են:

«Դուք այսօր կարող եք լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են, և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,-նշվել է դատարանում:

Հաագայի դատարանում լսումների մանրամասները՝ տեսանյութում։

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-19-ը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցերը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ:

Ըստ Հաագայի դատարանի մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:

Հիշեցնենք՝ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն, որից հետո Ադրբեջանը հայտարարեց հակընդդեմ հայցի ներկայացման մասին։

Лента

Рекомендуем посмотреть