Հայաստանում բնակվող եզդիներն այսօր նշում են իրենց Ազգային միասնության տոնը։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ եզդիների ազգային լեզուն եւ ազգային կրոնը՝ շաֆրեդին, պետականորեն ընդունելու համար։
2002թ. մայիսի 1-ին աշխարհում առաջին անգամ՝ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ, Եվրոպայի Խորհուրդը ճանաչեց եզդիների լեզուն եւ ազգային պատկանելությունը։ Այս կապակցությամբ էլ որոշվել է այդուհետ մայիսի 1-ը համարել համայն աշխարհի եզդիների միասնության տոն (Այդա յակտյա էզդիե թըմամյա դընիաե)։
«Դարեր ի վեր մեր լեզուն ու մեր կրոնը պետականորեն ճանաչված չէր ոչ մի երկրում։ Միայն Հայաստանում այն ընդունվեց պետականորեն, եւ դրա հիման վրա եզդիների լեզուն ճանաչեց Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, միջազգային այլ կառույցներ, դա եզդիների համար մեծագույն ուրախություն է»,-ընդգծել է Եզդիների միության նախագահ Ա. Թամոյանը:
Ներկայում, նշենք, Հայաստանում բնակվում է 60-65 հազար եզդի: Ողջ աշխարհում նրանց թիվը հասնում է 3 մլն-ի։