Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանին կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը՝ հանրապետությունում հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով: Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարը տասնօրյա ժամկետում նվիրաբերողի հետ նվիրաբերության պայմանագիր կկնքի: Նվիրաբերված դեղորայքն անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին. «Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար»,-նախագիծը գործադիրի անդամներին ներկայացնելիս՝ պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Վարչապետը խնդրել է նախարարին` իր շնորհակալությունը փոխանցել Վրաստանի գործընկերներին:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց հիվանդության ընթացիկ իրավիճակին և խնդիրներին, ապա ինչպես ներկայացված է կառավարության վերը նշված նախագծում՝
«Ներկայումս 450.000.000 մարդ աշխարհում համարվում են ինֆեկցված վիրուսային հեպատիտ Բ-ով կամ Ց-ով: Մահացությունը վերոհիշյալից կազմում է ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ և դեռևս գրանցվում են վարակելիության նոր դեպքեր ամբողջ աշխարհում (3-4 միլիոն հեպատիտ Ց-ով վարակելիության ներ դեպքեր):
Հայաստանի Հանրապետությունն վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների հայ ազգաբնակչության 2 %-ը համարվում է վիրուսային հեպատիտ Բ-ով ինֆեկցվածներ, իսկ 4-5%-ը վիրուսային հեպատիտ Ց-ով ինֆեկցվածներ: Ելնելով վերոհիշյալից՝ հեպատիտ Բ վիրուսակիրներ 2 ու կես միլիոն ազգաբնակչության պայմաններում կկազմի 50.000 մարդ, որոնցից 95 % ի մոտ ինֆեկցիան ընթանում է վիրուսայի ցածր ռեպլիկացիայով, որը չի պահանջում հակավիրուսային բուժում, այլ պահանջում է մշտական դիսպանսեր հսկողություն HBV ինֆեկցիայի հետագա զարգացման հսկողության համար: Մոտավոր 5%-ի մոտ HBV ինֆեկցիան ընթանում է քրոնիկ հեպատիտի, լյարդի ցիռոզի կամ լյարդի առաջնային ուռուցքի ձևով, որոնք պահանջում են հակավիրուսային բուժում:
2016 թվականի Եվրոպական ասոցացիայի ուղեցույցի համաձայն (որով առաջնորդվում են նաև Հայաստանի Հանրապետությունում) հեպատիտ Ց-ով հիվանդների հակավիրուսային բուժումը կազմակերպվում է առանց ինտերֆերոնային պրեպարատների, միայն վերջին սերնդի ուղիղ ազդեցության դեղամիջոցների օգնությամբ (Սովալդի (Սոֆոսբուվիր), Դակլատասվիր, Սոֆոսբուվիր/Լեդիպասվիր (Հարվոնի) և ալյն): Աշխարհում գոյություն ունեն վերջիններիս պատենդային ձևեր և գեներիկներ: ՀՀ-ում գրանցված չեն վերոհիշյալ պրեպարատները: Հիվանդների բուժումը կազմակերպվում է իրենց իսկ միջոցներով ձեռք բերված դեղամիջոցներով, որոնք հիմնականում լինում են հնդկական արտադրության: Հակավիրուսային բուժումը ըստ ժամանակակից ուղեցույցների կազմակերպվում է ելնելով հեպատիտ Ց վիրուսի գետնոտիպից և լյարդի էլաստոգրաֆիայի (ֆիբրոզի) աստիճանից: Վերհիշյալ բուժումը ուղիղ ազդեցության դեղամիջոցներով ապահովում է մոտ 98% էֆեկտիվություն (առողջացում) և ընթանում է աննշան կողմնակի էֆեկտներով՝ համարյա բացառելով բուժման սխեմայի փոփոխությունը և ընդհատումը»: