Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու հնարավորությունը․ դեսպանը՝ Քերոբյանին - RadioVan.fm

Онлайн

Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու հնարավորությունը․ դեսպանը՝ Քերոբյանին

2021-10-26 14:18 , Политика, 592

Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու հնարավորությունը․ դեսպանը՝ Քերոբյանին

«Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ և պետք է համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը զարգացնել և հավասարեցնել քաղաքական մակարդակի»,-այդ մասին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ նախօրեին ունեցած հանդիպմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Սիրիայի դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ մյուս անդամ-երկրների շուկաներ դուրս գալու համատեքստում։

Նախարարությունից փոխանցում են, որ զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությանը։ Դեսպանի տեղեկացմամբ՝ Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու համակարգի ներդրման հնարավորությունը։

Երկուստեք առաջարկներ են ներկայացվել հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման վերաբերյալ, այդ թվում՝ Սիրիայի դեսպանն առաջարկել է Հայաստանում կազմակերպել սիրիացի գործարար շրջանակների մասնակցությամբ ցուցահանդես։

Դեսպանը նաև նշել է, որ Սիրիայում զարգացած ոլորտներից է տեքստիլ արդյունաբերությունը, և սիրիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել տեքստիլ գործարան։ Նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գաղափարի իրականացմանը և ընդգծել, որ տեքստիլ ոլորտում Հայաստանն ունի փորձառու աշխատուժ, որը կարելի է արդյունավետ օգտագործել գործարանի աշխատանքը կազմակերպելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть