«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար»,-գնահատականն այսօր հնչեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության նիստի մեկնարկին: «Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»,-ընդգծել է վարչապետը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։
Գործադրի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսական գերակա ոլորտի ձեռնարկություններին պետության կողմից բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի սուբիսավորման նոր քաղաքականության իրականացմանը: