«Արծրունին նայելիս հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, արյուն եմ տեսնում». Գեղամ Նազարյանը՝ Հովհաննիսյանին՝ որպես փորձագետ ներգրավելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Արծրունին նայելիս հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, արյուն եմ տեսնում». Գեղամ Նազարյանը՝ Հովհաննիսյանին՝ որպես փորձագետ ներգրավելու մասին

2021-11-09 19:11 , Политика, 844

«Արծրունին նայելիս հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, արյուն եմ տեսնում». Գեղամ Նազարյանը՝ Հովհաննիսյանին՝ որպես փորձագետ ներգրավելու մասին

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին մեկն է 44-օրյա պատերազմում զոհված 100-ավոր հայորդիներից, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին որպես փորձագետ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ընդգրկելու փաստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թվականի նոյեմբերի իննի խայտառակ համաձայնագրից ուղիղ մեկ տարի անց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, թե Արծրունը, այո, այն հայտնի ստախոս Արծրունը, ներգրավված է հանձնաժողովում որպես փորձագետ։

Պատահակա՞ն է արդյոք, որ նա ներկայացվեց հենց նոյեմբերի իննին։ Համոզված եմ՝ ոչ։

Անկեղծ, ուզում էի անմիջապես արձագանքել այդ հայտարարությանը, բայց հասկացա, որ այն լինելու էր գերհուզական, գերզայրալից, ու որոշեցի, որ նա չարժի իմ հույզերին, իմ զայրույթին։

Ընդամենն ասեմ՝ Արծրունն ինքը պետք է պատասխան տա 44-օրյա ստերի, արարքների եւ գործողությունների համար։

Արծրունն իրավունք չունի հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավվել որպես փորձագետ։ Նա բարոյական իրավունք չունի որպես փորձագետ մասնակցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին։

Արծրունին նայելիս հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, մեր կորցրած քաղաքներն ու գյուղերը։

Արծրունին նայելիս արյուն եմ տեսնում, անմեղ մեր լույս տղերքի արյունից գոյացած հսկա ծովը։

Իսկ դուք ասում եք Արծրունը փորձագետ։ Լավ, դուք այդքան ցինի՞կ եք, թե այդքան հայատյաց։

Առայժմ այսքանը»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումից ազատման դիմում ներկայացրած Արծրուն Հովհաննիսյանը 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանի սանձազերծած պատերազմի 44 օրերի ընթացքում ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի գործառույթը։ Նա մամուլի կենտրոնում պարբերաբար ներկայացնում էր ռազմի դաշտում տիրող իրավիճակը, իսկ հրավիրված բոլոր հանդիպումները և սոցիալական կայքերում իր բոլոր գրառումները ավարտում էր «Հաղթելու ենք» արտահայտությամբ։

Սակայն 2020 նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի՝ «Շուշի քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է» բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառումից հետո՝ մի շարք ԶԼՄ-ների Հովհաննիսյանիցմեկնաբանություններ ստանալ չէր հաջողվել։ ՀՀ պաշտպանության նախարարության արդեն նախկին մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ նրա մոտ ճնշման տատանումներ են եղել, ու այդ պահի դրությամբ Հովհաննիսյանը հետազոտվում է: Ավելի ուշ Հովհաննիսյանն ինքը գրեց․ «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։

Հիշեցնենք՝ այդ օրը հենց ստորագրվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունը, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին, որով, ըստ էության, քայլ արվեց ավարտելու Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Արդրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի հետևանքով Հայաստանը կրեց 1000-ավոր մարդկային կորուստներ, բռնազավթվեց Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը։

Արծրուն Հովհաննիսյանն այնուհետ հայտնեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից և շարունակելու է աշխատել գիտական ոլորտում։

Դե իսկ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին առաջարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետի կարգավիճակը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Հովհաննիսյանը սիրով ընդունել է առաջարկը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть