Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցման համակարգ․ նախագիծը ներկայացված է - RadioVan.fm

Онлайн

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցման համակարգ․ նախագիծը ներկայացված է

2021-11-15 14:48 , Образование, 152

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցման համակարգ․ նախագիծը ներկայացված է

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում:

Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ)՝ նշելով, որ այդ նպատակով հանրային քննարկման է ներկայացվել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ առարկայի ուսուցչի բացակայությունը․ տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։

«Հետևաբար, երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից: Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում՝ հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: Ընդ որում` նախատեսվում է, որ մենթոր դպրոցը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կարող է ներգրավել մասնագետների՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք հետաքրքրված են, դպրոցի հետ համագործակցելով՝ կարող են դիմել և էլեկտրոնային եղանակով դասավանդել։

Այսպիսով՝ սովորողի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրումը հնարավոր կդարձնի հավասարաչափ, հասանելի կրթության, մարզային համայնքներում սովորողների առաջադիմության և բարձր ցուցանիշների ապահովումը։

Էլեկտրոնային ուսուցման համակարգը կակտիվացնի միջդպրոցական համագործակցությունը, կլրացնի մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, կաջակցի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:

Այս ամենի արդյունքում՝ դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքներին տիրապետելու»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ ՀՀ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի՝ էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Лента

Рекомендуем посмотреть