Դայակի ծառայությունների 50 տոկոսը կփոխհատուցվի. ԱԺ-ում օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է - RadioVan.fm

Онлайн

Դայակի ծառայությունների 50 տոկոսը կփոխհատուցվի. ԱԺ-ում օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

2017-12-06 16:24 , Общество, 1547

Դայակի ծառայությունների 50 տոկոսը կփոխհատուցվի. ԱԺ-ում օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

ՀՀ խորհրդարանն այսօր ի թիվս մի շարք օրինագծերի՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել 89 պատգամավոր։

Օրենքում կատարված փոփոխությունները վերաբերում են երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձին, ով ՀՀ կառավարության սահմանած կարգով` մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք:

«Եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել կամ տանել վճարովի մանկապարտեզ,-օրինագիծը ներկայացնելիս ասել է հիմնական զեկուցող ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով,-այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը կփոխհատուցվի, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ»:

«Օրինակ, եթե մայրը դայակի հետ 110 հազար դրամից ավել աշխատավարձ է պայմանավորվել, պետությունը կփոխհատուցի 55 հազար դրամը, որովհետև ասում ենք, որ նվազագույն աշխատավարձից ավել փոխհատուցումը չի լինի»,-մանրամասնել է նախարարը:

Օրենքը, նշենք, ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ին:

Лента

Рекомендуем посмотреть