Հայկական քոչարին ներառվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում: Այդ մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ցանկացել է խոչընդոտել այդ գործընթացին: Չնայած դրան՝ հայտն ընդգրկվել է ցուցակում:
Ադրբեջանին հայկական քոչարիի ներառումը խոչընդոտել չի հաջողվել, փոխարենը հաջողվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ներառել տոլմայի բաղադրատոմսը՝ իբրև ադրբեջանական ճաշատեսակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը, մեկնարկել է Հարավային Կորեայի Չեջուդո կղզում դեկտեմբերի 4-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վ. Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Ռ. Ծատուրյանը։
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնում:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում արդեն ընդգրկել է դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսն ու լավաշը: