Մուրադովը երեկ Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Մուրադովը երեկ Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը․ ՀՀ ՊՆ

2021-11-18 10:18 , Общество, 1310

Մուրադովը երեկ Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը․ ՀՀ ՊՆ

Պարզվել է ինքնությունն այն հայ զինծառայողի, որի մարմինը հատուկ չվերթով երեկ Բաքվից Երևան էր տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ մանրամասնելով, որ զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանն է, որը մասնակցել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերին։

ՊՆ-ից հայտնում են, որ մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, ընթացքի վերաբերյալ, վստահեցվում է, պարբերաբար կտեղեկացվի։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը։

Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։

Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվել էր, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ու որ՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

17։00-ի դրությամբ հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել: Միաժամանակ տեղեկացվեց ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի՝ 7 պայմանագրայինի և 5 ժամկետայինի գերեվարման մասին:

21:45-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Տեղեկացվեց, որ այդ պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան, իսկ վիրավորների թիվը ճշտվում է։

Երեկ տարածած հաղորդագրությամբ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա Ադրբեջանի զինուժը նոյեմբերի 16-ին լայնածավալ հարձակում էր գործել, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Միաժամանակ տեղեկացվեց, որ մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի հետ էլ, նշվեց, կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն անհայտ է։

Лента

Рекомендуем посмотреть