Իրանի և Ադրբեջանի համատեղ հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում է հայտնվել նաև քամանչան՝ որպես այդ երկրների ազգային երաժշտական գործիք:
Նշենք, որ Հարավային Կորեայի Չեջուդո կղզում դեկտեմբերի 4-ին մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում այս օրերին քննարկվում են մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկվող թեկնածությունները և դրանք ցանկում ներառելու վերաբերյալ հարցը:
Նախօրեին, հիշեցնենք, Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ներառվել է հայկական քոչարին, ինչպես նաև՝ Ադրբեջանի հայտի հիման վրա՝ տոլմայի բաղադրատոմսը՝ իբրև ադրբեջանական ճաշատեսակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որում ընդհանուր առմամբ նախատեսված է 34 նոր հայտի դիտարկում, կավարտվի դեկտեմբերի 9-ին:
Հայաստանը, հավելենք, մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկել է դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսն ու լավաշը: