«Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին»․ Տոնոյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս - RadioVan.fm

Онлайн

«Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին»․ Տոնոյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

2021-11-29 13:50 , Право, 1014

«Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին»․ Տոնոյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ սթ սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնեց, որ 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ առավել հայտնի «Պատրոն Դավո» մականվամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Տոնոյանին և Գալստյանին 2 ամսով կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։

«Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին և որ քննության կարևորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ»,-այդ մասին այսօր տարածած հայտարարությունում շեշտել է Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Դավիթ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:

Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝

1. թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը և տալ բացատրություններ, որի իրավունքը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով,

2. նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ,

3.Փորձագետին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:

Ընդ որում՝ միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են սույն քրեական գործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին: Փորձագետին քննիչը առաջադրել է հարցեր, որոնց պատասխաններն ինքը վաղուց ունի, իսկ պաշտպանության կողմի կարևորագույն և օբյեկտիվ քննություն ապահովող հարցերն առանց հիմնավորման մերժվել են:

Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, գործի համար կարևոր նշանակություն ունեցողհանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների և ենթադրությունների հիման վրա:

Ինչպես 19.10.2021 թվականին տարածած մեր հայտարարությամբ նշել էինք, Դ.Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Դ.Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Ընդ որում, փորձաքննությանը պաշտպանների մասնակցության հարցինառհասարակ անդրադարձ չի էլ եղել:

Բացի այդ, ի սկզբանե նախաքննական մարմինը, նշանակելով համապատասխան փորձաքննությունը, նշել էր, որ միայն փորձաքննությամբ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը, սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:

Այս փաստերը՝ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, նշանակված փորձաքննությանը ներկա գտնվելու և բացատրություններ տալու իրավունքից զրկելը, փորձաքննության կատարումը ոչ օբյեկտիվ անձի հանձնարարելը և փորձաքննությանը կարևորագույն հարցեր չառաջադրելը պաշտպանության կողմին հիմք են տալիս պնդելու, որ այլևս խոսք չի կարող գնալ սույն քրեական գործի քննության օբյեկտիվության մասին, ավելին, քննության կարևորագույն նպատակն է Դ.Տոնոյանին, ինչպես նաև գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանցմինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:

Ավելացնենք նաև, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև մեր կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և ակնկալում ենք, որ վերջինիս կողմից օբյեկտիվություն դրսևորելու դեպքում բողոքներըպետք է բավարարվեն»:

Лента

Рекомендуем посмотреть