«Բուրգըրի»-ի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ-ն՝ 13 քաղաքացու թունավորման հետքերով - RadioVan.fm

Онлайн

«Բուրգըրի»-ի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ-ն՝ 13 քաղաքացու թունավորման հետքերով

2021-11-30 16:58 , Общество, 810

«Բուրգըրի»-ի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ-ն՝ 13 քաղաքացու թունավորման հետքերով

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտից սնված 13 քաղաքացու թունավորումների պատճառը հայտնի է․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Հիշեցնենք՝ տեսչական մարմինը նոյեմբերի 20-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ:

Համակաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել էր նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում:

Նոյեմբերի 20-ին Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ էին իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքներով՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:

Տեսչական մարմինը, միաժամանակ, ընդգծում է, որ «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել:

Лента

Рекомендуем посмотреть