«Լավագույնս այդ գործառույթը կարող է կատարել Քրիստինե Գրիգորյանը»․ ԱԺ հանձնաժողովը հաստատել է ՄԻՊ թեկնածուին - RadioVan.fm

Онлайн

«Լավագույնս այդ գործառույթը կարող է կատարել Քրիստինե Գրիգորյանը»․ ԱԺ հանձնաժողովը հաստատել է ՄԻՊ թեկնածուին

2021-12-17 15:03 , Политика, 1348

«Լավագույնս այդ գործառույթը կարող է կատարել Քրիստինե Գրիգորյանը»․ ԱԺ հանձնաժողովը հաստատել է ՄԻՊ թեկնածուին

Այսօր կայացած ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հաստատվել էՄարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Ներկայում արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի պատգամավորներն էլ կողմ են քվեարկել։

40-ամյա Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ Պաշտպանի գործառույթը լավագույնս կարող է կատարել նա։

«Համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնումների արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում է Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաներին, որոնց ընդունման դեմ ՀՀ-ում դիմադրություն կար և բողոքի ակցիաներ էին իրականացվում»,-հիշեցրել է քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ ընթերցելով նաև Սահմանադրության այն հոդվածը, որում ասվում է, որ ՄԻՊ թեկանածու կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող յուրաքանչյուր ոք։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է՝ ի՞նչ եղանակով են որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը նման հեղինակություն է վայելում:

«Ես ձեզ առաջարկում եմ դուրս գալ փողոց և պատահական 10 անցորդի հարցնել, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը նրան չի ճանաչի»,- հայտարարել է Արեգնազ Մանուկյանը, ինչին ի պատասխան թեկնածուին ներկայացնող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այդ գնահատականը կտա ԱԺ-ն՝ իր քվեարկությամբ, իսկ թեկնածուն ակտիվ է եղել մարդու իրավունքների ոլորտում, ինչը բավարար է թեկնածու առաջադրվելու համար:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին։

Лента

Рекомендуем посмотреть